ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լեռ քանդես, Վահագնի տողը չես քանդի

Լեռ քանդես, Վահագնի տողը չես քանդի
16.08.2023 | 07:12

Թող Աստված չանի, իսկ Աստծո աչքը, թվում է, կշտացել է մեր գլխին աղետներ բերելուց և չի անի, եթե հանկարծ աղետ պատահեր, և աշխարհի երեսից վերանար հայ բազմադարյան պոեզիան ու հրաշքով փրկվեր միայն Վահագն Դավթյանի վերջին ծաղկաքաղ մատյանը, այդ մատյանը կարդալով, մարդիկ կպատկերացնեին, թե ազգային ինչպիսի մեծ ու ազնիվ պոեզիայի արդյունք է դա, թե բանաստեղծության ինչ լեզու և լեզվի ինչ բանաստեղծություն է ունեցել հայ ժողովուրդը: Կպատկերացնեին, ինչպես մենք ենք պատկերացնում նախաքրիստոնեական ժամանակների մեր պոեզիայի վեհությունը մեզ հասած պատառիկների շնորհիվ: Կպատկերացնեին, որովհետև այդ մատյանն իր մեջ առած ունի հայ պոեզիայի բոլոր լավագույն հատկությունները՝ «Վահագնի ծնունդից» մինչև «Հոգեհանգիստ», մինչև «Ափ մը մոխիր», մինչև «Նաիրյան շարքը» (տերյանական), մինչև «Ես իմ անուշ Հայաստանի», մինչև «Արա Գեղեցիկ» ու «Ձայն հայրենական»: Այս բոլորը, երևի, այսքան նշանակալից չլիներ, չդառնար այդքան մեծ արժեք, եթե չկրեր Դավթյանի անխառն անհատականության կնիքը: Անհատականություն, որի անստորագիր կես տողի ելևէջն անգամ անմիջապես մատնում է հեղինակին: Իսկ ինչպիսի՞ բանաստեղծ է Վահագն Դավթյանը այդ մատյանով... «Հանդա՞րտ», «մեծադղո՞րդ», «ինտելեկտուա՞լ», «զգացմունքայի՞ն», «կրքայի՞ն», թե՞ «կյանքային»: Ես կասեի՝ բոլորը միասին, ամբողջական, միակտոր, միաձույլ, կատարյալ, անթերի:

Երկու տասնամյակ առաջ լրագրողի այն հարցին, թե ժամանակակից ո՞ր հայ բանաստեղծին եմ սիրում, պատասխանել էի. «Մեկին սիրելը լավ է միայն ընտանիք կազմելու և պահպանելու համար, իսկ գրականության մեջ պարտադիր չէ»: Նշել էի տասը բանաստեղծի անուն, որոնց սիրում էի և սիրում եմ ամեն մեկին մեկ կամ մի քանի առավելությունների համար. «Սիրում եմ այդ բոլորին, բայց խանդում եմ միայն Վահագն Դավթյանին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում»:

Համո Սահյան

Վահագն Դավթյան \ Vahagn Davtyan ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8825

Մեկնաբանություններ